Անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների ReA (ReAnimania) 18-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանում հյուրընկալվել էր եվրոպական կինոյի նշանավոր դեմքերից մեկը՝ Սերժ Ավետիքյանը։ Կաննի կինոփառատոնի դափնեկիր, ֆրանսահայ դերասանը, ռեժիսորն ու սցենարիստը վաղուց արդեն միաժամանակ երկու մշակութային աշխարհի կրող է։
NEWS.am STYLE-ը ևս զրուցել է ռեժիսորի հետ՝ լսելու նրա տեսակետը հայկական անիմացիայի ներկա վիճակի, սեփական գեղարվեստական լեզվի որոնման, միջազգային համագործակցության հեռանկարների և արհեստական բանականության մասին. մի տեխնոլոգիա, որն Ավետիքյանն արդեն իսկ կիրառում է իր աշխատանքում։
«Չկրկնօրինակել, այլ գտնել սեփական լեզուն»
Իմ կարճամետրաժ ֆիլմերը մի փոքր տարբերվում են հանդիսատեսին ծանոթ ավանդական անիմացիայից։ Դրանք ստեղծված են նկարչական տեխնիկայով, որտեղ պատկերներն ասես կենդանություն են առնում։ Ֆիլմերը կցուցադրվեն փառատոնի օրերին՝ «Նաիրի» կինոթատրոնում՝ իմ հետահայաց ցուցադրության բացման շրջանակում։
Ինձ միշտ գրավել են նոր տեխնոլոգիաներն ու այն ստեղծագործական ազատությունը, որը պետք է ունենա ռեժիսորն իր թիմի հետ աշխատելիս։ Բայց վերջնանպատակը լոկ կոմերցիոն հաջողության հասնելը չէ, այլ իրապես ինքնատիպ գեղարվեստական արժեք ստեղծելը։
Տարկովսկի, Փարաջանով, Փելեշյան, Մալյան, Դովլաթյան. նրանցից յուրաքանչյուրը կերտել է իր ուրույն ձեռագիրը։ Այսօր երիտասարդ ռեժիսորները պետք է փնտրեն իրենց գեղարվեստական դիմագիծը, այլ ոչ թե կրկնօրինակեն ուրիշների լուծումները կամ դրանցից երկրորդական մի բան հավաքեն։ Տարիների փորձն ինձ ցույց է տվել, թե որքան սկզբունքային է այս հարցը։
Հայկական անիմացիա. ժառանգություն և նոր տեխնոլոգիաներ
Չեմ կարող չհիշել Ռոբերտ Սահակյանցին։ Ես ճանաչում էի նրան. ինձ համար նա Հայաստանի մեծագույն անիմատորներից մեկն էր։ Նրա ֆիլմերը, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի գործերի մոտիվներով ստեղծվածները, մինչ օրս մեր մշակույթի անբաժան ու կարևոր մասն են։
Ժամանակակից անիմացիան, կարծում եմ, շատ ավելի է բարդացել։ Այն այսօր սերտորեն շաղկապված է նոր տեխնոլոգիաների, պատկերների ստեղծման, նկարչության ու մշակման արդիական մեթոդների հետ։ Բայց այստեղ պետք է զգոն լինել, որպեսզի ամեն ինչ չվերածվի տեխնիկական հնարավորությունների մակերեսային կիրառման։
Կարելի է ձեռք բերել սարքավորումներ, տիրապետել գործիքակազմին, սովորել աշխատել նոր տեխնոլոգիաներով։ Բայց միայն դա բավական չէ։ Անհրաժեշտ է ունենալ սեփական հայացք և գեղարվեստական ընկալում։ Կարևոր է ոչ միայն ասելիքը, այլև ձևը, էսթետիկան, մատուցման կերպը։ Տեխնոլոգիան պետք է ընդամենը գործիք մնա, այլ ոչ թե փոխարինի հեղինակային տեսլականին։
Ինչու հայկական կինոն պետք է դուրս գա երկրի սահմաններից
Հայաստանում մի լուրջ խնդիր կա. մենք գրեթե չունենք ներքին շուկա։ Այսօր բոլոր մեծ ու լուրջ ֆիլմերը կարող են կյանքի կոչվել միայն միջազգային համատեղ արտադրության շնորհիվ։
Սա նշանակում է, որ պետք է գրել համամարդկային թեմաներ արծարծող սցենարներ։ Իհարկե, կարելի է պատմել տեղի իրականության, հայի ու հայկական բնավորության մասին։ Բայց պարտադիր չէ, որ հերոսը հայ լինի։ Կարևորը՝ նրա պատմությունը հասկանալի և հոգեհարազատ լինի տարբեր երկրների հանդիսատեսին։
Հենց բուն ասելիքը պետք է համամարդկային հնչեղություն ունենա։ Դա թույլ կտա դուրս գալ ավելի լայն լսարանի առաջ և ճանապարհ կբացի իրապես լուրջ կինոնախագծերի համար։
Կա նաև լեզվի հարցը։ Ես շատ կուզեի, որ Հայաստանը դառնար ֆրանկոֆոն աշխարհի մաս, որ ֆրանսերենն այստեղ ավելի ծանրակշիռ տեղ զբաղեցներ, այլ ոչ թե ամբողջ ասպարեզը զիջեր անգլերենին։ Ֆրանսերենը նոր հորիզոններ է բացում։ Հասկանում եմ, որ Հայաստանը, թերևս, ֆրանկոֆոն երկիր չի դառնա, բայց, միևնույն է, շարունակում եմ երազել այդ մասին։
Արհեստական բանականությունը չպետք է ռեժիսոր դառնա
Այս շրջանում ես հենց արհեստական բանականության օգնությամբ եմ աշխատում մի նոր նախագծի վրա, որը պատրաստվում եմ ներկայացնել այստեղ։
Արհեստական բանականությունը խելացի է, բայց ոչ մարդու պես։ Այն համադրում է տեղեկույթն ու փորձում գտնել պատասխանելու ամենաճիշտ տարբերակը։ Սակայն մարդուն միշտ չէ, որ ամենաճիշտ պատասխանն է պետք։ Մարդը պետք է արձագանքի հույզերով, իր ուրույն և ինքնատիպ ընկալմամբ։
Հետևաբար, հենց մենք պետք է ուղղորդենք արհեստական բանականությանը և հստակ ձևակերպենք, թե ինչ արդյունք ենք ակնկալում։ Չի կարելի թույլ տալ, որ նա ինքը թելադրի իր պայմանները։
Եթե նրան լիակատար ազատություն տաս, ամեն ինչ գեղեցիկ ու անթերի կստացվի, բայց կկորչի մարդկային շունչը։ Ուստի պետք է կարողանալ կառավարել տեխնոլոգիան, ուղղություն տալ և հստակ սահմանել՝ սա չեմ ուզում, իսկ այ սա՝ ուզում եմ։
Արհեստական բանականության զարգացումն անխուսափելի է. ի վերջո, մենք ինքներս ենք այն ստեղծել։ Այժմ մեր խնդիրն է կառավարել այդ գործիքը, այլ ոչ թե թույլ տալ, որ այն կառավարի մեր երևակայությունն ու միտքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին11:48, 9 նոյեմբերի
«148 դոլարանոց աղբ». Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան օրացույցը վրդովեցրել է գնորդներին. ապրանքանիշը առաջարկել է վերադարձնել գումարը11:18, 9 նոյեմբերի
Հոր հետքերով. Առնոլդ Շվարցենեգերի ապօրինի որդին իր պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի դեբյուտն է կատարել10:30, 9 նոյեմբերի
Ալանիս Մորիսեթը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. անսպասելի խոստովանություն09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին